ԱՄՆ-ը չի բացառում հարվածները Սիրիայում ռուսական և իրանական ուժերին․ WSJ

Վաշինգտոնը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թույլ է տվել իր զորքին քիմիական զենք կիրառել Իդլիբի ազատագրման համար․ սրա հետ կապված ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի ուժերին հարվածներ հասցնելու հավանականությունը։ Այս մասին ասվում է ամերիկյան The Wall Street Journal թերթում տեղ գտած հոդվածում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ասադը թույլատրել է քլոր և այլ քիմիական նյութեր օգտագործել ահաբեկիչների վերջին հենակետերի վրա գրոհներ իրականացնելիս։ Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան հատուկ ծառայություններն օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Ասադը թույլ է տվել քիմիական զենք օգտագործել ոչ միայն ահաբեկիչների հենակետերի գրոհների, այլ նաև ցանկացած ռազմական գործողության ժամանակ։ Նշվում է նաև, որ դեռ հայտնի չէ, թե թույլատրվել է արդյոք կիրառել զարին տեսակի գազ։

Ինչպես նշում է հեղինակը, Պենտագոնը հնարավոր հակահարվածներ է նախապատրաստում, սակայն նախագահ Թրամփը դեռ հստակ չի որոշել՝ թիրախավորել արդյոք ռուսական և իրանական ուժերին, թե՝ ոչ։ Նշվում է նաև, որ, եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածներ հասցնել Սիրիային, ապա դրանք կլինեն ամենաուժեղը երբևէ հասցվածների մեջ։

«Ես ԱՄՆ-ի ծրագրերի մասին մեկնաբանություններ չեմ անի, սակայն Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը և քաղաքացիական անձանց կյանքերի նկատմամբ անհաղորդ լինելն արդեն ակնհայտ է բոլորի համար», - ասել է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար Դանա Ուայթը։

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները չի բացառում սիրիացի պաշտոնատար անձնաց նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումը։

Հոդվածի հեղինակը գրում է, որ վերջին շաբաթներում Վաշինգտոնը փորձել է կանխել Իդլիբում ռազմական գործողությունները, իսկ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փորձել են Մոսկվայից երաշխիքներ ստանալ, որ այնտեղ քիմիականզ զենք չի կիրառվի։

Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգը միակ շրջանն է, որը դեռ գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության տակ։ Ավելի վաղ այնտեղ ստեղծվել էր անվտանգության գոտի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.