Էրդողանը Դամասկոսին մեղադրում է Իդլիբի վրա լայնածավալ հարձակում նախապատրաստելու մեջ

Սիրիայի իշխանությունները նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ լայնածավալ հարձակում են նախապատրաստում Իդլիբի վրա, ինչը հղի է արյունահեղության վտանգով, և դրա կանխման պատասխանատվությունը հավասարապես ընկած է Արևմուտքի, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա Ասադին մեղադրել է իր կողմնակիցների հետ միասին Իդլիբի վրա լայնածավալ հարձակում նախապատրաստելու մեջ, որտեղ ապրում է շուրջ 3 միլիոն մարդ։

«Ասադի ռեժիմը ձգտում է իր անխուսափելի հարձակումն արդարացնել ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտությամբ։ Անմեղ մարդկանց պետք չէ զոհաբերել ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ։ Այն միայն դրական կազդի ահաբեկչության և ծայրահեղականության տարածման վրա։ Իսլամական պետության վերելքը դարձավ հետևանք, ոչ թե պատճառ Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների։ Միջազգային հանրությունը պետք է կանխի այդ բռնությունը, որպեսզի թույլ չտա ահաբեկչությանն արմատներ գցել», - ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ հաջորդ արյունահեղությունը կանխելու պատասխանատվությունը դրված է Արևմուտքի վրա։ Էրդողանը կարծում է, որ Աստանյան ձևաչափում իր գործընկերները՝ Իրանը և Ռուսաստանը նույնպես պատասխանատու են Իդլիբում հումանիտար աղետի կանխման հարցում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայացել է սիրիական հակամարտության կարգավորման հարցով ՌԴ-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքեր գործադրել քաղաքացիական բնակչության պաշտպանության և Սիրիայում հումանիտար վիճակի բարելավմանն ուղղությամբ։ Գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են նաև եռակողմ բարձր մակարդակով հաջորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։

Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգը միակ շրջանն է, որը դեռ գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության տակ։ Ավելի վաղ այնտեղ ստեղծվել էր անվտանգության գոտի։ Սիրիայի հակամարտության հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան Դե Միստուրայի տվյալներով՝ Իդլիբում կա «Ջեբհաթ ալ Նուսրա» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների շուրջ 10 հազար զինյալ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.