Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը (gov.am

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք:

Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը պատասխանել է ֆրանսահայ գործիչների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և այլ թեմաների:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ: 

«Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը: 
 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.