Սթոլթենբերգը մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգի ձեռքբերումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերումը։
Սթոլթենբերգի խոսքով՝ ինքն այս հարցը բազմիցս քննարկել է Անկարայում և Վաշինգտոնում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի համար չափազանց կարևոր է համատեղելիությունը։
Նա հույս է հայտնել, որ այս հարցն անպայման կլուծվի։
«Մենք տեսնում ենք, որ սա ահազանգ է բոլորիս համար», - հայտարարել է Սթոլթենբերգը՝ դժգոհելով Ս-400-ի ձեռքբերման շուրջ տարաձայնությունների առկայությունից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։
Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։