Առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել հայ-թուրքական սահմանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ։

«Առանց հակամարտության կարգավորման, առանց փախստականներին իրենց տները վերադարձնելու չի կարող խոսք գնալ սահմանի բացման կամ հարաբերությունների հաստատման մասին», - Բաքվում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսվել էր 2008 թ․ աշնանը՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։ 2009 թ․ հոկտեմբերին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն ստորագրեցին երկու փաստաթուղթ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և այդ հարաբերությունները զարգացնելու մասին։ Նույն տարվա դեկտեմբերին Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ 

2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը։

Արդեն 2018 թ․ մարտի մեկին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեղարկեց արձանագրությունները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.