Ռուսաստանն իրավունք ունի պատասխան քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ․ Շոյգու

Ռուսաստանն իրավունք ունի պատասխան քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ: Այս մասին Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն․ գրում է Ռիա Նովոստի-ն։

Այսպես Շոյգուն մեկնաբանել է իսրայելցի օդաչուների գործողությունները, որոնք, թաքնվելով ռուսական ԻԼ-20 ինքնաթիռի թիկունքում, վերջինիս դրել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի հարվածի տակ։

«Ես մեր իսրայելցի գործընկերներին, հատկապես՝ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին զգուշացրել եմ, որ նման քայլերն անպատասխան չենք թողնելու», - ասել է Սերգեյ Շոյգուն։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում կորել է կապը Հմեյմիմ ավիաբազա վերադարձող ԻԼ-20 ինքնաթիռի հետ։ Նշվում է, որ 14 հոգուց բաղկացած անձնակազմով ինքնաթիռը գտնվում էր Միջերկրական ծովի ափից 35 կիլոմետր հեռու։

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հենց այդ ժամանակ էր, որ Ֆ-16 տեսակի չորս իսրայելական ինքնաթիռներ գրոհում էին Լաթաքիայում գտնվող սիրիական օբյեկտները, իսկ ֆրանսիական Auvergne հածանավը հրթիռներ էր արձակում։

Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտարարեցին, որ իսրայելական ինքնաթիռները դիտավորյալ վտանագավոր իրավիճակ են ստեղծել Լաթաքիայում։ Թաքնվելով ռուսական ինքնաթիռի թիկունքում՝ իսրայելցի օդաչուները հարվածի տակ են դրել ԻԼ-20-ը, որը խոցվել է սիրիական Ս-200 համակարգի կողմից։

Ռուս փորձագետների գնահատմամբ՝ իսրայելցի օդաչուները չէին կարող չնկատել ռուսական ինքնաթիռը, քանի որ այն պատրաստվում էր վայրէջքի։ Հատկանշական է նաև, որ իսրայելական կողմը ռուս զինվորականներին չի զգուշացրել Լաթաքիայում պատրաստվող գործողության մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունն Իսրայելի այս գործողությունը համարել է թշնամական, իսկ իսրայելական կողմն իր հերթին տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել է Սիրիայի զինված ուժերի վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.