Թուրքիան, Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան քառակողմ հանդիպում կանցկացնեն սիրիական հակամարտության կարգավորման հարցով
Թուրքիան, Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստվում են Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով նոր հանդիպում անցկացնել Ստամբուլում։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի նիստի ավարտից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք Ստամբուլում քառակողմ գագաթնաժողով կանցկացնենք։ Կհանդիպեն Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները։ Այս հարցով նախնական պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, այժմ պետք է կոնկրետացնել հանդիպման ժամկետը», - ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում ինքը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ մանրամասն քննարկել է սիրիական հակամարտության հարցը։ Էրդողանի հավաստմամբ՝ արդեն շուրջ 50-60 հազար մարդ վերադարձել է իրենց բնակավայրերը Իդլիբում։ Նա հույս է հայտնել, որ եթե ՌԴ-ի և իրենց ջանքերը հաջողությամբ պսակվեն, ապա հնարավոր է սկսել նաև Սիրիայի վերականգնման գործընթացը։
Թուրքիայի նախագահը նաև առանձնակի կարևորել է Իդլիբում գործող ահաբեկչական խմբավորումների հարցը։ Նրա խոսքով՝ այս համատեքստում «ամենածանր բեռն ընկած է թուրքական հետախուզության վրա, սակայն, չնայած դրան, աշխատանքները լավ են ընթանում»։