Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, հանդիպում է ունեցել ԱՄՆ  պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Այս մասին տեղեկացնում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նախարարը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները, կառավարության ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել քաղաքական երկխոսությունը։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, Հայաստանի զարգացման օրակարգի, հատկապես՝ վերջինիս շարժիչ ուժ դիտարկվող նորարարական և գիտակրթական ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.