Եվրամիությունը ցանկանում է Իրանի հետ առևտրի մեխանիզմ ստեղծել՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները․ Զարիֆ
Թեհրանը կարծում է, որ Եվրոպական Միությունը վճռականորեն որոշել է Իրանի հետ ստեղծել առևտրի նոր մեխանիզմ՝ փորձելով շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Ես գիտեմ, որ Եվրոպան լուրջ է տրամարված։ Ես գիտեմ, որ մի շարք երկրներ ցանկանում են ԱՄՆ-ին հնարավորություն չտալ ոչնչացնել դիվանագիտության ոլորտում մեր ձեռքբերումները։ Այնպես, որ ես կարծում եմ՝ կա քաղաքական կամք։ Սա լուրջ մեխանիզմ է։ Կաշխատի այն, թե ոչ՝ կտեսնենք։ Իրանը ցանկանում է արդյունքներ տեսնել», - ասել է Զարիֆը։
Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Իրանի արտգործնախարարի և միջազգային միջնորդների հնգյակի (Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, - խմբ,) ներկայացուցիչների միջև, որը կազմակերպել էր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Հանդիպմանը եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ ստեղծվելու է մի մեխանիզմ, որով Եվրոպական Միությունը կարողանալու է պաշտպանել իր ընկերություններին Իրանի հետ առևտրի հարցերում։