Սկրիպալը չի հավատում, որ Մոսկվան կապ ունի իր թունավորման հետ

ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը չի հավատում, որ Ռուսաստանն առնչություն ունի իր թունավորման դեպքի հետ։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով բրիտանացի լրագրող Մարկ Ուրբանին։

Ուրբանն իր «Սկրիպալի գործը» կոչվող գրքի վրա տարվող աշխատանքների շրջանակում անձամբ է հանդիպել ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին։ Նրա խոսքով՝ Սկրիպալը, դուրս գալով կոմայից, միանգամից չի հասկացել, որ Կրեմլն ուզում է իրեն սպանել։

Լրագրողն ընդգծում է, որ Սկրիպալը մինչև Սոլսբերիում տեղի ունեցած դեպքը բազմիցս պաշտպանել է Մոսկվայի դիրքոոշումը մի շարք հարցերում, մասնավորապես՝ Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու հարցում։ Ուրբանի խոսքով՝ Սկրիպալը «ռուս ազգայնական էր, չնայած՝ համագործակցում էր բրիտանական հետախուզության հետ»։

Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան, թունավորվել են այս տարվա մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում։ Միջադեպին հաջորդել է միջազգային խոշոր սկանդալ։ Լոնդոնն անմիջապես տեղի ունեցածի մեջ մեղադրեց Մոսկվային։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է համատեղ հետաքննություն անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն Մեծ Բրիտանիան մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը։ Թերեզա Մեյը պնդում էր, որ թունավոր նյութը պատրաստվել է Ռուսաստանում, սական ավելի ուշ Պորտոն Դաուն լաբորատորիայի մասնագետներն այս պնդումը հերքեցին։

Ավելի ուշ Լոնդոնը ներկայացրեց Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձանց լուսանկարները։ Մեծ Բրիտանիայում պնդում են, որ լուսանկարում ներկայացված անձինք են ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության սպաներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բաշիրովը։ Նրանք RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ զրույցում հայտարարել են, որ այցելել են Բրիտանիա որպես զբոսաշրջիկ և որևէ կապ չունեն հատուկ ծառայությունների հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.