ԱՄՆ-ն ամբողջությամբ դադարեցրել է նավթի մատակարարումը Չինաստան

ԱՄՆ-ն ամբողջովին դադարեցրել է նավթի մատակարարումը Չինաստանին։ Այս մասին հայտարարել է China Merchants Energy Shipping ընկերության տնօրեն Սե Չունլինը։

«Մենք ԱՄՆ-ից Չինաստան մատակարարվող նավթի հիմնական փոխադրողն ենք։ Մինչև մեր երկրների միջև առևտրային պատերազմի սկսելը դա շատ լավ բիզնես էր, սակայն այն ամբողջովին կանգնեցվել է», - Հոնկոնգում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Չունլինը։

Միացյալ Նահանգները Չինաստանին սկսել է նավթ մատակարարել ընդամենը երկու տարի առաջ։ ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքների վարչության տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան սև ոսկու Չինաստան մատակարարման ծավալները 2017 թ․ գերազանցել են Մեծ Բրիտանիա և Նիդելանդներ մատակարարվող նավթի ծավալները։ Չինաստանն այսպիսով դարձել էր ամերիկյան նավթի ներկրման ծավալներով երկրորդ ամենամեծ երկիրը Կանադայից հետո։ Չինաստանին բաժին էր հասնում ամերիկյան նավթի 20%-ը։  

Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ ավելացված մաքսատուրքերն ուժի մեջ են մտել  հուլիսի 6-ից։

Այս տարվա ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հրապարակել է չինական 1300 անուն ապրանքներից բաղկացած ցուցակ, որոնց ներկրման վրա կարող են սահմանվել լրացուցիչ մաքսատուրքեր։

Ի պատասխան՝ Պեկինը որոշեց 25%-ով բարձրացնել ամերիկյան 106 անուն ապրանքների ներկրման մաքսատուրքերը։

Արդեն մայիսին կողմերը համաձայնեցին, որ առևտրային պատերազմ չի լինելու, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ առևտրային հարցերում համաձայնության հասնել չի հաջողվել, և Վաշինգտոնը հայտարարեց լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։

Հունիսի կեսին Միացյալ Նահանգները 25%-անոց մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների ներկրման վրա, ինչն ազդեց ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների 10%-ի վրա։

Չինաստանն անմիջապես հայտարարեց, որ 25% մաքսատուրք է սահմանվում ամերիկյան 659 անուն ապրանքների ներկրման վրա։

Աղբյուր՝  https://ria.ru/economy/20181003/1529929836.html?referrer_block=index_main_3

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.