Մոսկվայում Նիդերլանդների դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն
Մոսկվայում Նիդերլանդների դեսպան Ռենե Ջոնս Բոսը ժամանել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
Դեսպանին արտգործնախարարություն են հրավիրել Քիմիական զենքն արգելող կազմակերպության նկատմամբ կիբերհարձակումներ իրականացնելու վերաբերյալ Մոսկվայի հասցեին Ամստերդամի հնչեցրած մեղադրանքների պատճառով։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ջոնս Բոսին պետք է ներկայացվի Մոսկվայի դիրքորոշումը տվյալ իրավիճակի շուրջ։ Լավրովի խոսքով՝ Ամստերդամի գործողությունները «մեգաֆոնային դիվանագիտության» վառ օրինակ են։
«Մեր դեսպանին կանչել էին Նիդերլանդների ԱԳՆ և բողոքի նոտա հղել այն մեղադրանքների կապակցությամբ, որոնց դուք ծանոթացել եք ԶԼՄ-ներից։ Մեր դասպանի հարցին, թե ուր են փաստերը և կոնկրետ նյութերը, որոնք կապացուցեն մեղադրանքների իսկությունը, տրվել է հետևյալ պատասխանը․ Դուք դրա մասին կիմանաք հաջորդիվ կայանալիք մամուլի ասուլիսից։ Ահա և ամբողջ պատմությունը», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիերլանդներն արտաքսել էր ՌԴ չորս քաղաքացիների՝ նրանց մեղադրելով Քիմիական զենքն արգելող կազմակերպության նկատմամբ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ։
Նիդերլանդների պաշտպանության նախարարության պնդմամբ՝ ռուսները փորձել են հասանելիություն ստանալ MH17 ինքնաթիռի կործանման գործի փաստաթղթերին։
ՔԶԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը չի մեկնաբանել Նիդերլանդների պաշտպանության նախարարության այս հայտարարությունը։ Մեկնաբանություններից ձեռնպահ է մնացել նաև ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Իր հերթին, ՔԶԱԿ-ում Նիդերլանդների մշտական ներկայացուցիչ Պիտեր Ուիլսոնը հայտարարել է քիմիական զենք օգտագործելու և կիբերհարձակումների համար պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ջաբարովն արդեն խոստացել է հայելային պատասխան տալ Նիդերլանդներին ՌԴ քաղաքացիների արտաքսմանն ի պատասխան։