Ավստրալիան կարող է Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ

Ավստրալական կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Իսրայելում Ավստրալիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցը կլուծվի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ասվում է Ավստրալիայի կառավարության պաշտոնական կայքում։

«Այսօր Ավստրալիայի կառավարությունն արել է մի շարք կարևոր հայտարարություններ Մերձավոր Արևելքում Ավստրալիայի շահերի պաշտպանության վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ՝ այդ հայտարարությունները վերահաստատում են հավատարմությունը իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությանը, նպաստում Իսրայելի հետ մեր հարաբերությունների ամրապնդմանը և ցույց տալիս Իրանի հետ կառուցողական համագործակցությունը շարունակելու մեր մտադրությունը», - ասվում է կառավարության ղեկավարի և արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնի համատեղ հայտարարության մեջ։

Մորիսոնը և Փեյնը, մասնավորապես, նշել են, որ մոտ ապագայում երկրի կառավարությունը կվերանայի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցը՝ միևնույն ժամանակ Արևելյան Երուսաղեմն ընդունելով որպես Պաղեստինի ապագա պետության մայրաքաղաք։

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ավստրալիայի կառավարությունը կքննարկի երկրի դեսպանատունը Արևմտյան Երուսաղեմ տեղափոխելու առավելությունները, սակայն «յուրաքանչյուր որոշման հիմքում պետք է ընկած լինի ազգային շահի համար կատարվող քայլի հետևանքների մանրակրկիտ գնահատականը»։

Ակնկալվում է, որ հայտարարության մեջ տեղ գտած բոլոր որոշումները կկայացվեն մինչև այս տարվա դեկտեմբեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.