Պենտագոնը տեղեկություններ չունի, որ ԻՊ-ը Սիրիայում գերի է պահում 700 մարդու

Պենտագոնը տեղեկություններ չունի այն մասին, որ Իսլամական պետության զինյալները Սիրիայում գերության մեջ են պահում շուրջ 700 մարդու։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը։

«Մենք չունենք տեղեկություններ, որոնք կհավաստեն գերիների մասին լուրերը, ինչը պնդում էր ՌԴ նախագահ Պուտինը։ Մենք թերահավատորեն ենք վերաբերվում այդ տվյալներին», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ Սիրիայում դեռ բազմաթիվ խնդիրներ կան։ Որպես օրինակ նա նշել էր Եփրատի հարավում տիրող իրավիճակը։

«Այդ տարածքը գտնվում է մեր ամերիկացի գործընկերների վերահսկողության տակ, որտեղ նրանք հենվում են քրդական զորամիավորումների վրա։ Նրանք, սակայն, այդքան էլ լավ են աշխատել։ Այնտեղ՝ մի քանի բնակավայրերում մնացել են Իսլամական պետության զինյալներ։ Նրանք վերջին ժամանակներում սկսել են ընդարձակել իրենց ներկայության սահմանները՝ գերի վերցնելով 130 ընտանիք, ինչը նշանակում է, որ մոտ 700 մարդ գերի է», - ասել էր Պուտինը։

Նա հավելել էր նաև, որ ահաբեկիչներն սկսել են վերջնագրեր ներկայացնել՝ նշելով, որ դրանց չկատարման պարագայում իրենք օրական 10 մարդու կսպանեն։

«Նրանք սկսել են իրականացնել իրենց սպառնալիքները։ Երեկ չէ առաջին օրը նրանք սպանել են 10 մարդու։ Ես կարծում եմ՝ սա աղետ է», - ասել էր ՌԴ նախագահը՝ հավելելով, որ գերիների մեջ կան ԱՄՆ-ի և եվրոպական երկրների քաղաքացիներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.