Ամերիկյան ռազմանավերն անցել են Չինաստանի սահմանների մոտով

Թայվանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ անցել է Թայվանյան նեղուցով։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։

Ամերիկյան նավերն անցել են մայրցամաքի և Թայվանի նեղուցի միջով, որպեսզի համոզվեն, որ ծովային այս ճանապարհն անվտանգ է և ազատ։

«Թայվանյան նեղուցով ամերիկյան նավերի անցնելը ցույց է տալիս ԱՄՆ-ի մոտեցումը հնդկական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ամերիկյան նավերը և ինքնաթիռները շարունակում են գործել ամեն տեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը», - ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի խաղաղօվիանոսյան նավատորմի խոսնակ Նեյթ Քրիստենսենը։

Նախորդ անգամ ամերիկյան նավերն այս տարածքում նկատվել էին 2018 թ․ հուլիսին։ Ինչպես գրում է Reuters-ը, սա կարող է բարկացնել Չինաստանին՝ հաշվի առնելով Պեկինի և Վաշինգտոնի միջև լարված հարաբերությունները։

Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ ավելացված մաքսատուրքերն ուժի մեջ են մտել  հուլիսի 6-ից։

Այս տարվա ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հրապարակել է չինական 1300 անուն ապրանքներից բաղկացած ցուցակ, որոնց ներկրման վրա կարող են սահմանվել լրացուցիչ մաքսատուրքեր։

Ի պատասխան՝ Պեկինը որոշեց 25%-ով բարձրացնել ամերիկյան 106 անուն ապրանքների ներկրման մաքսատուրքերը։

Արդեն մայիսին կողմերը համաձայնեցին, որ առևտրային պատերազմ չի լինելու, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ առևտրային հարցերում համաձայնության հասնել չի հաջողվել, և Վաշինգտոնը հայտարարեց լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։

Հունիսի կեսին Միացյալ Նահանգները 25%-անոց մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների ներկրման վրա, ինչն ազդեց ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների 10%-ի վրա։

Չինաստանն անմիջապես հայտարարեց, որ 25% մաքսատուրք է սահմանվում ամերիկյան 659 անուն ապրանքների ներկրման վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.