Հուսով եմ՝ Բոլթոնի այցը նոր լիցք կհաղորդի ռուս-ամերիկյան հարաբերությունների կայունացման գործընթացին․ Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հույս ունի, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Մոսկվա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների կայունացման գործընթացին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուրախ եմ Ձեզ ընդունել ՌԴ պաշտպանության նախարարությունում։ Ձեր այցի օրակարգը բավական հագեցած է։ Հույս ունեմ, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի ռուս-ամերիկյան հարաբերությունների կայունացման գործընթացին», - Բոլթոնի հետ բանակցությունների սկզբում ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումից հետո կարելի է արձանագրել երկու երկրների միջև երկխոսության աստիճանական ավելացում։
«Վստահ եմ, որ նույնիսկ փոքր քայլերը օգուտ կբերեն երկկողմ վստահության վերականգնման հարցում», - ընդգծել է նախարարը։
Ավելի վաղ Ջոն Բոլթոնը հանդիպումներ էր ունեցել ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախատեսվում է, որ Բոլթոնը կհանդիպի նաև ՌԴ նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախապատրաստվում է նաև հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։