Կրեմլը հայտնել է Պուտինի և Բոլթոնի հանդիպման գլխավոր թեմաները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը քննարկելու են Սիրիական հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները և ռազմավարական անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կարևորն, իհարկե, այն է, որ Բոլթոնը և նրա ռուս գործընկերները նախագահին են ներկայացնելու երեկ և այսօր ավելի վաղ տեղի ունեցած բանակցությունների բովանդակությունը», - նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Բոլթոնը հանդիպում էր ունեցել ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Վերջինիս հետ քննարկվել էր Սիրիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակը։
Այսօր ԱՄՆ նախագահի խորհրդականը հանդիպում է ունեցել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հանդիպումը համարել են արդյունավետ։ Շոյգուի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ Ջոն Բոլթոնը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել երեկ՝ հոկտեմբերի 22-ին։ Ավելի ուշ նա ժամանելու է նաև Հայաստան։