Ճապոնիան պատրաստվում է խաղաղ համաձայնագիր կնքել ՌԴ-ի հետ՝ լուծելով տարածքների հարցը․ Աբե
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է խաղաղ համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ տարածքային հարցերը լուծելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ նորմալ վիճակում են։ Երկու երկրների միջև արդեն ավելի քան 70 տարի չի կնքվել խաղաղ համաձայնագիր», - ասել է Աբեն՝ հավելելով, որ հետևողականորեն կատարվում են բոլոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Վլադիմիր Պուտինի՝ 2016 թվականի դեկտեմբերին Ճապոնիա կատարած այցի ժամանակ։
«Կղզու նախկին բնակիչներն իրենց նախնիների գերեզմաններին են այցելում օդանավերով։ Կենսագործման ուղղությամբ է սկսել շարժվել նաև այնտեղ համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու մասին հարցը։ Հիմնվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում փոխվստահության մթնոլորտի վրա՝ մենք կլուծենք տարածքների հարցը և խաղաղ համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի հետ։ Մենք նոր դարաշրջան կբացենք Ռուսաստանի հետ հարաբերություններում», - շարունակել է Ճապոնիայի վարչապետը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ Ճապոնիային առաջարկել էր մինչև տարվա վերջ կնքել համաձայնագիր առանց որևէ նախապայմանի։ Հոկտեմբերի 18-ին նա հայտարարել է, որ դրանից հետո վարչապետ Սինձո Աբեի հետ ունեցած հանդիպմանը վերջինս նշել է, որ հնարավոր չէ խաղաղ համաձայնագիր կնքել առանց տարածքների հարցը լուծելու։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը չի առաջարկում հրաժարվել տարածքների հարցից։ ՌԴ նախագահը հստակեցրել է, որ խաղաղ համաձայնագրի կնքումը կնպաստի երկու երկրների միջև փոխվստահության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի տարածքների հարցի լուծման արագացմանը։
Մոսկվան և Տոկիոն նախորդ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կնքված համաձայնագրի լրամշակման շուրջ։ Այս հարցի հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասին պատկանելիության հարցն է։ 1945 թ․ այս ողջ կղզիախումբն անցել է Խորհրդային Միությանը, սակայն ճապոնական կողմը վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք անմարդաբնակ փոքր կղզիների պատկանելիության հարցը։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխանությունն այս տարածքների վրա չի կարող կասկածի տակ դրվել։