Խաշոգջիի սպանության գործով միջազգային հետաքննություն անցկացնելու անհրաժեշտություն չկա․ Չավուշօղլու

Թուրքիան անհրաժեշտություն չի տեսնում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության գործով միջազգային հետաքննություն անցկացնելու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի՝ գլխավոր հյուպատոսարանի տարածքը Սաուդյան Արաբիայի իրավասության ներքո է։ Սակայն հենց նույն կոնվենցիայով՝ դա Թուրքիայի սահմանների ներսում է, այդ իսկ պատճառով էլ՝ հետաքննությունը պետք է իրականացվի թուրքական օրենսդրությամբ, և մեր նախագահն արդեն այս մասին ասել է։ Անհրաժեշտություն չկա այդ գործով միջազգային հետաքննություն իրականացնելու։ Այն պետք է արվի և արվում է թուրքական օրենքներով», - թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ թուրքական կողմը Սաուդյան Արաբիային հարցեր ունի, որոնց պատասխանները դեռ չի ստացել։

«Դեռ գտնված չէ նրա մարմինը։ Եթե դուք ասում եք, որ սպանություն է տեղի ունեցել, ապա ինչու՞ չեք ասում, թե որտեղ է մարմինը։ Այստեղ հարցին պետք է նայել ոչ այնքան քրեական, որքան հումանիտար տեսանկյունից։ Չէ՞ որ ընտանիքը սպասում է», - ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ լրագրող Ջեմալ Խաշոջին աշխատում էր ամերիկյան The Washington Post թերթում և 2017 թվականից ապրում էր ԱՄՆ-ում։ Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենք։

Շուրջ երկու շաբաթ Թուրքիայում սաուդական դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում էր, որ լրագրողը հեռացել է շենքից։ Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի լրատվականները հրապարակել էին երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, ըստ որի՝ Խաշոջին մահացել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում վերջինիս և դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակիցների միջև ծագած վեճի արդյունքում։ Դատախազի խոսքով՝ այդ գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնք հարցաքննվել են։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը, մեկնաբանելով լրագրողի սպանությունը, նշել է, որ հանցագործները չարաշահել են իրենց լիազորությունները։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը և թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալման Ալ-Սաուդը հեռախոսով ցավակցել են սպանված լրագրողի ընտանիքին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.