Չեխիայի նախագահը դատապարտել է Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու Թրամփի որոշումը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դատապարտել է Միջին և ցածր հեռահարության հթիռների մասին համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը։ Այս մասին Չեխիայի նախագահը խոսել է Barrandov հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Ես կիսում եմ Եվրոպական Միության տեսակետը, որն իր դժգոհությունն է արտահայտել ՄՑՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը դատապարտել է մի քանի միջազգային համաձայնագրեր։ Սա առաջինը և միակը չէ։ Ես հավատարիմ եմ այն սկզբունքին, որ պետությունը կորցնում է վստահությունը, եթե չեղարկում է ավելի վաղ իր իսկ կնքած համաձայնագիրը», - ընդգծել է Զեմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է դուրս գալ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից, քանի որ Ռուսաստանն, իր կարծիքով, խախտում է համաձայնագրի դրույթները։
Միացյալ Նահանգները Ռուսաստանին ՄՑՀՀՊ-ի դրույթերը խախտելու մեջ առաջին անգամ մեղադրել է 2014 թ․ ամռանը։ Դրանից հետո ևս մի քանի անգամ Վաշինգտոնը կրկնել է նույն մեղադրանքը, որը Մոսկվան կտրականապես հերքել է։