Ստամբուլում հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ Ստամբուլում տեղի ունեցած քառակողմ գագաթնաժողովի ամենագլխավոր թեման Իդլիբում գործողությունների արդյունավետության հաստատումն էր։ Բացի այդ, առաջնորդների պայմանավորվել են ստեղծել Սիրիայի հարցով սահմանադրական հանձնաժողով, որը պետք է ձևավորվի մինչև այս տարվա վերջ։

Գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան Դե Միստուրան, տևել է շուրջ երեք ժամ։

Մինչև բանակցությունների սկսվելը առաջնորդները երկկողմ ձևաչափով հանդիպումներ են ունեցել։ Պուտինը հանդիպել է Էրդողանի և Մերկելի հետ։ Էմանուել Մակրոնի հետ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել մինչև Ստամբուլ ժամանելը։ Գագաթնաժողովի ավարտից հետո Ֆրանսիայի նախագահի հետ Պուտինը քննարկել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստության մանրամասները։

Տան տիրոջ իրավունքով գագաթնաժողովի արդյունքներն առաջինն ամփոփել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Գերմանիայի, ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդների հետ հանդիպումը նպատակ ուներ պահպանել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը, ինչպես նաև քննարկել այս հակամարտության քաղաքական կարգավորման հարցը։ Էրդողանը նշել է նաև, որ Աստանայում տեղի ունեցած հանդիպումներն օրինակ էին իրենց համար, և իրենք «շարունակում են պնդել, որ այդ հակամարտությունը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով»։

«Ստամբուլում Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ այս գագաթնաժողովը ցույց տվեց, որ կարելի է բարելավել Աստանայի ձևաչափը (Թուրքիա, Ռուսաստան, Իրան)»,- ասել է Էրդողանը։

Այս հանդիպման կարևորագույն արդյունքը, Պուտինի և Էրդողանի կարծիքով, Իդլիբի հարցում ռուս-թուրքական համաձայնության ձեռքբերումն է։

Մակրոնը և Մերկելը ողջունել են Մոսկվայի և Անկարայի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ նշելով, որ սա կարող է երկարաժամկետ հրադադար ապահովել Իդլիբում։

Խոսելով Իդլիբում հրադադարի գոտու ֆունկցիոնալության մասին՝ Պուտինը հույս է հայտնել, որ Թուրքիան մոտ ապագայում կապահովի այս շրջանից  ընդդիմադիր ուժերի հեռանալը։ ՌԴ նախագահը հավելել է նաև, որ իրենք իրավունք ունեն Դամասկոսին աջակցել ահաբեկչական խմբավորումերից սպառնացող վտանգը ոչնչացնելու հարցում։

Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցին, Պուտինը նշել է, որ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ սիրիացի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը։

Թուրքիայի նախագահն, իր հերթին, նշել է, որ, չնայած Անկարայում կարծում են, որ այս հակամարտության հրահրողը հենց Ասադն է, այնուամենայնիվ, կարևոր է, որ սիրիացի ժողովուրդն ինքն ընտրի իր առաջնորդին։

Մակրոնն ընդգծել է, որ, չնայած պետք է հարգել Սիրիայի ինքնիշխան կառավարությանը, անհրաժեշտ է «հաշվի առնել նաև միջազգային հանրության ճնշումները»։

Գագաթնաժողովի արդյունքներով հայտարարվեց, որ մասնակիցները չեն բացառում այս ձևաչափի ընդլայնումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ձևաչափի ընդլանումը կարող է օգուտ բերել կարգավորման գործընթացին։

Էրդողանի խոսքով՝ այդ հարցը կախված է ընդհանուր որոշումից։

Գագաթնաժողովին անդրադարձ է կատարվել նաև սաուցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանությանը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ ցանկանում է սպանության մեջ մեղադրվողներին դատել Թուրքիայում։

«Մենք գիտենք, որ այս գործով կա 18 ձերբակալված։ Ովքե՞ր են նրանք։ Այս հարցին պետք է պատասխանեն Սաուդյան Արաբիայի իշխանությունները։ Նրանք ասել են, որ եղել է հանցակից, որին տրվել է Խաշոգջիի դին։ Ո՞վ է այդ հանցակիցը։ Մենք Սաուդյան Արաբիայի իշխանություններին առաջարկել ենք ձերբակալված 18 հոգուն հանձնել մեզ։ Եթե նրանք չենք կարողանում հետաքննել գործը, ապա մենք ինքներս կանենք դա», - ասել է Էրդողանը։

Գերմանիայի կանցլերն, իր հերթին, նշել է, որ Գերմանիայի նոր կառավարությունը սահմանափակել է զինամթերքի մատակարարումը Սաուդյան Արաբիա՝ կապված Եմենի պատերազմի հետ։  

«Կարող եմ ասել, որ պայմանավորված լրագրողի սպանության գործի չավարտված  հետաքննության հետ, այս պահին զինամթերքի մատակարարումը, փաստացի, դադարեցված է», - շարունակել է Մերկելը։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20181028/1531622079.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.