Իրավապահներին դեռ չի հաջողվել գտնել սաուդցի լրագրողի դին․ Չավուշօղլու

Թուրքիայի իրավապահ մարմիններին չի հաջողվել հայտնաբերել լրագրող Ջեմալ Խաշոգջիի մարմինը։ Այս մասին Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Այս պահին դեռ չի հայտնաբերվել լրագրող Խաշոգջիի դին։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են անձինք, որոնք ծրագրել են այս սպանությունը։ Մենք պետք է շարունակենք համագործակցությունը, և այս կապակցությամբ շատ կարևոր է մեր երկրների գլխավոր դատախազների համատեղ աշխատանքը։ Հետաքննությունը պետք է շուտով ավարտվի», - ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ բանակցություններ էին տեղի ունեցել Ստամբուլի դատախազ Իրֆան Ֆիդանի և Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ Ալ Մուաջիբի միջև, որը տևել էր ավելի քան մեկ ժամ։

Հիշեցնենք, որ լրագրող Ջեմալ Խաշոջին աշխատում էր ամերիկյան The Washington Post թերթում և 2017 թվականից ապրում էր ԱՄՆ-ում։ Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենք։

Շուրջ երկու շաբաթ Թուրքիայում սաուդական դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում էր, որ լրագրողը հեռացել է շենքից։ Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի լրատվականները հրապարակել էին երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, ըստ որի՝ Խաշոջին մահացել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում վերջինիս և դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակիցների միջև ծագած վեճի արդյունքում։ Դատախազի խոսքով՝ այդ գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնք հարցաքննվել են։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը, մեկնաբանելով լրագրողի սպանությունը, նշել է, որ հանցագործները չարաշահել են իրենց լիազորությունները։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը և թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալման Ալ-Սաուդը հեռախոսով ցավակցել են սպանված լրագրողի ընտանիքին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.