Հորդանանը կարող է դառնալ Իսլամական պետության հաջորդ թիրախը

Ամերիկյան National Interest պարբերականը գրում է, որ հաջորդ պետությունը, որտեղ Իսլամական պետությունը կարող է ամրապնդվել, Հորդանանն է։  

Հեղինակը նշում է, որ Հորդանանը, չնայած ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությանը, լրջագույն վտանգի տակ է։ Նշվում է նաև, որ հորդանանցիները թվով երրորդն են Իսլամական պետության զինյալների շարքում։ Նրանց թիվը շուրջ երեք հազար է։

«Իրաքում և Սիրիայում պարտություն կրելուց հետո ակնկալվում է, որ ահաբեկիչները կվերադառնան հայրենիք։ Արդեն բավական փորձ ձեռք բերած ահաբեկիչները լուրջ վտանգ կներկայացնեն երկրի ներսում», - գրում է թերթը։

Նշվում է նաև, որ վտանգ կարող է սպառնալ նաև Հորդանան եկած սիրիացի փախստականներից, որոնց թիվը հասնում է 658 հազարի։ Կացության վատ պայմանները պարարտ հող կարող են լինել ծայրահեղականության սերմերի համար, այդ իսկ պատճառով էլ նրանք կարող են միանալ ահաբեկիչներին։

Հոդվածի հեղինակը գրում է, որ այս երկրում ծայրահեղականությունը խորը արմատներ է գցել դեռ 2015 թվականին։ Այս տարվա օգոստոսին Էս-Սալթ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր Հորդանանի անվտանգության ծառայության չորս սպա։ Դեպքի վայրից ոչ հեռու իրավապահները հայտնաբերել էին բազմաթիվ պայթուցիկ սարքեր, որոնք պետք է օգտագործվեին նոր հարձակումների ժամանակ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.