Հայտնաբերվել է Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռի սև արկղը

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի սուզորդները հայտնաբերել են Lion Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի սև արկղը։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով Detik News-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սև արկղը հայտնաբերվել է ինքնաթիռի բեկորներից ոչ հեռու՝ 30 մետր խորության վրա։ Ավելի վաղ եղանակային անբարենպաստ պայմանները խոչընդոտում էին սև արկղի որոնողական աշխատանքներին։

Հիշեցնենք, որ ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ջակատայից թռիչքն սկսելուց 13 րոպե հետո։ Օդանավը ծովն է ընկել Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ։ Ինքնաթիռում եղել է 189 մարդ։ Ինդոնեզիայի փրկարար ծառայությունների փոխանցմամբ՝ ողջ մնացածներ չկան։

Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն։

Lion Air-ն Ինդոնեզիայի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է։ Թռիչքներ է իրականացնում Ինդոնեզիայի, Սինգապուրի, Վիետնամի, Սաուդյան Արաբիայի և Մալայզիայի 126 օդանավակայաններից։

Lion Air-ը և վերջինիս դուստր ավիաընկերությունը՝ Wings Air-ը, ընդգրկված են այն ավիափոխադրողների ցանկում, որոնց արգելած է թռիչքներ իրականացնել Եվրոպական Միության օդային տարածքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.