Թրամփը ցանկանում է Չինաստանի հետ նոր առևտրային համաձայնագիր կնքել․ Bloomberg

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնատար անձանց հրահանգել է կազմել Չինաստանի հետ առևտրային նոր համաձայնագիր, որն ինքը  նախագահ Սի Ցզինպինին կներկայացնի այս տարվա նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։

Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել էր առևտրին վերաբերող հարցեր։ Չինական լրատվամիջոցներն, իրենց հերթին, տեղեկացնում էին, որ Թրամփը կողմ է Պեկինի հետ առևտրատնտեսական խնդիրները լուծելու համար երկխոսություն սկսելուն։

Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ ավելացված մաքսատուրքերն ուժի մեջ են մտել  հուլիսի 6-ից։

Այս տարվա ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հրապարակել է չինական 1300 անուն ապրանքներից բաղկացած ցուցակ, որոնց ներկրման վրա կարող են սահմանվել լրացուցիչ մաքսատուրքեր։

Ի պատասխան՝ Պեկինը որոշեց 25%-ով բարձրացնել ամերիկյան 106 անուն ապրանքների ներկրման մաքսատուրքերը։

Արդեն մայիսին կողմերը համաձայնեցին, որ առևտրային պատերազմ չի լինելու, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ առևտրային հարցերում համաձայնության հասնել չի հաջողվել, և Վաշինգտոնը հայտարարեց լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։

Հունիսի կեսին Միացյալ Նահանգները 25%-անոց մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների ներկրման վրա, ինչն ազդեց ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների 10%-ի վրա։

Չինաստանն անմիջապես հայտարարեց, որ 25% մաքսատուրք է սահմանվում ամերիկյան 659 անուն ապրանքների ներկրման վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.