Թուրքիայում Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալության հրաման է արձակվել 56 մարդու նկատմամբ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Թուրքիայի Կոնյա քաղաքի դատախազությունը հրահանգել է ձերբակալել 56 մարդու, որոնք կասկածվում են այս երկրում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ նշելով, որ ներկա պահին ձերբակալվել է դեռ 17 հոգի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ստուգումներ են անցկացվել երկրի 26 նահանգներում։ Իրավապահները ձերբակալվածներին կասկածում են զինված ուժերից և այլ ուժային կառույցներից մարդանց ներգրավելու փորձերի մեջ։
Հիշեցնենք, որ Անկարան 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։