Մոսկվան և Վաշինգտոնը հրապարակային հաստատել են Թրամփի և Պուտինի՝ Արգենտինայում կայանալիք հանդիպման մասին լուրերը
Ներկա պահին կա համաձայնություն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Արգենտինայում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ թե Մոսկվան, թե Վաշինգտոնը հրապարակային հաստատել են այս լուրը։
«Նման համաձայնություն կա։ Ես այլ տեղեկություն չունեմ։ Մոսկվան և Վաշինգտոնը դա հրապարակային հաստատել են», - ասել է Լավրովը՝ պատասխանելով Արգենտինայում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին լրագրողի հարցին։
ՌԴ արտաքին գործերի նախարարի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների վարչակազմերի ներկայացուցիչներն արդեն այդ հանդիպման հետ կապված ամեն ինչ ասել են։
Հիշեցնենք, որ Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։