ԱՄՆ-ը պատասխանատու է Իրանում և Եմենում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների համար․ Զարիֆ

Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում Եմենում և Իրանում մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը։

«Եմենի դեպքում նույնպես ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղքը գցում է Իրանի վրա՝ փորձելով արդարացնել անօրինական պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ, ինչը խոչընդոտում է սննդամթերքի և դեղորայքի ձեռքբերմանը։ Իհարկե, մենք մեր մարդկանց կուղարկենք՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին։ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում Եմենում և Իրանում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների համար», - իր թվիթերյան էջում գրել է Զարիֆը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, որոնք գործել են մինչև 2015 թ․ միջուկային համաձայնագրի կնքումը։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.