Սթոլթենբերգը և Պուտինը քննարկել են Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրի դրույթները խախտելու վերաբերյալ Մոսկվային ուղղված մեղադրանքները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով նորվեգական աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սթոլթենբերգը Պուտինի հետ այս թեման արծարծել է Փարիզում, որտեղ անցկացվում էին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումները։
«Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում գլխավոր քարտուղարն անդրադարձել է ՄՑՀՀՊ-ին և նշել այս համաձայնագրի դրույթների ամբողջական կատարման կարևորությունը», - նորվեգական NTB հեռուստաալիքի տված հարցազրույցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օան Լունգենսկուն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է դուրս գալ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից, քանի որ Ռուսաստանն, իր կարծիքով, խախտում է համաձայնագրի դրույթները։
Միացյալ Նահանգները Ռուսաստանին ՄՑՀՀՊ-ի դրույթերը խախտելու մեջ առաջին անգամ մեղադրել է 2014 թ․ ամռանը։ Դրանից հետո ևս մի քանի անգամ Վաշինգտոնը կրկնել է նույն մեղադրանքը, որը Մոսկվան կտրականապես հերքել է։
Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1987 թ․ դեկտեմբերի 8-ին։ Այն ուժի մեջ է մտել 1988 թ․ հունիսի 1-ին։ Պայմանագիրը կողմերին թույլ չի տալիս ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ և 500-5500 կմ շառավղով գործելու հնարավորություն ունեցող թևավոր հրթիռներ։