ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Փհենյանը վերջնականապես չի հրաժարվել միջուկային զենքից․ ԱՄՆ փոխնախագահ
ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները և ճնշումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Փհենյանը վերջնականապես չի հրաժարվել միջուկային զենքից։ Այս մասին Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ ունեցած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։
«Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումներն ու պատժամիջոցները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Փհենյանը չի կատարել ամբողջական և ստուգելի ապամիջուկայնացում», - նշել է Փենսը։
Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպում ունենալ Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեի հետ G20-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունենալու Արգենտինայում նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայացման իր ծրագրի մասին։