Brexit-ի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին․ Թերեզա Մեյ

Brexit-ի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, սակայն դեռ կան մի շարք չլուծված հարցեր Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միության կազմից դուրս գալու պայմանների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

«ԵՄ կազմից մեր դուրս գալու մասին բանակցությունները մոտենում են ավարտին։ Մենք աշխատում ենք, որպեսզի հասնենք մնացած հարցերի լուծմանը։ Երկու կողմն էլ ցանկանում է հասնել համաձայնության սակայն, դա չափազանց բարդ է», - ասել է Մեյը՝ նկատի ունենալով Brexit-ից հետո Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության հետ սահմանային ռեժիմի հարցը, որոնց քննարկումների ժամանակ Լոնդոնը պնդում է, որ չպետք է Իռլանդական ծովում մաքսային սահման մտցվի։

«Բրիտանիայի ժողովուրդը ցանկանում է, որ մենք շարունակենք Brexit-ի գործընթացը։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ես երբեք վտանգի տակ չեմ դնի այն, ինչին նրանք կողմ են քվեարկել հանրաքվեի ժամանակ», - շարունակել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նա ընդգծել է, որ Brexit-ի բխում է իրենց ազգային շահերից, և «այդ հարցում պետք է ընդունվեն բարդ և ճիշտ որոշումներ»։

«Ես վճռական եմ այս հարցում։ Յուրաքանչյուր գործարք պետք է երաշխավորի, որ մենք կվերադարձնենք վերահսկողությունը մեր օրենքների, սահմանների և փողերի նկատմամբ», - հավելել է կառավարության ղեկավարը։

Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս կգա 2019 թ․ մայիսի 29-ին։ Brexit –ի պայմանների շուրջ բանակցություններն ընթանում են արդեն ավելի քան մեկ տարի, սակայն նշանակալի առաջընթաց գրանցել չի հաջողվել։ Վերջերս բրիտանական լրատվամիջոցներում հայտնվել են ենթադրություններ, որ բանակցությունների արդյունքում հնարավոր է՝ ձեռք չբերվի որևէ համաձայնություն։

Լոնդոնը և Բրյուսելը մինչև ընթացիկ ամսվա վերջ պետք է լուծեն երեք կարևոր հարց․ ԵՄ կազմից դուրս գալու մասին պայմանագրի դրույթների շուրջ համաձայնություն, Իռլանդիայի հետ սահմանի խնդրի կարգավորում և հետագա փոխգործակցության ձևաչափի որոշում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.