ՀԱՄԱՍ խմբավորումը սպառնում է ռմբակոծել իսրայելական քաղաքները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը սպառնացել է Թել Ավիվին, որ կռմբակոծի իսրայելական քաղաքները, եթե հրեական պետության բանակը չդադարեցնի Գազայի հատվածում ռազմական գործողությունները։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը։

ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբեյդայի խոսքով՝ իսրայելական Աշդոդ և Բեեր Շևա քաղաքները կարող են դառնալ թիրախ, եթե «թշնամին (Իսրայելը) շարունակի ռմբակոծել բնակելի շենքերը»։ Նա հավելել է նաև, որ Աշկելոն քաղաքը իրենց խմբավորման հրթիռների խոցման շառավիղում է։

Նոյեմբերի 12-ի երեկոյան պաղեստինյան զինված խմբավորումները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի տարածքը՝ ի պատասխան պաղեստինյան անկլավում հրեական պետության հատուկ ջոկատի իրականացրած ռազմական գործողությունների։ Պաղեստինցի ծայրահեղականները շուրջ 370 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 100-ը խոցվել է «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից։

Իսրայելի բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերջին ժամերի ընթացքում իսրայելական կործանիչները, ռազմական ուղղաթիռները և տանկերը Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ խմբավորման շուրջ 70 թիրախ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.