Թուրքիան սաուդցի լրագրողի սպանության պահը ֆիքսած ձայնագրությունը տրամադրել է 6 երկրի

Թուրքիան Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, Կանադային, Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային տրամադրել է սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի խոշտանգումների և սպանության պահը ֆիքսած ձայնագրությունը, որն արվել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Բոլոր խնդրողները լսել են այդ սպանության ձայնագրությունը։ Մեր հետախուզական ծառայությունները ոչինչ չեն թաքցրել։ Բացի Սաուդյան Արաբիայից, այդ ձայնագրությունը լսել են նաև ԱՄՆ-ը, Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Դրա բովանդակությունն իսկական աղետ է։ Սաուդական հետախուզության սպան անգամ ցնցվեց, երբ լսեց ձայնագրությունը։ Ինչպես նա ասաց, մարդասպանը, հնարավոր է՝ հերոին է օգտագործում, քանի որ միայն հերոին օգտագործող մարդը կարող էր դա անել», - Փարիզից վերադառնալու ճանապարհին տված հարցազրույցի ժամանակ ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան համբերությամբ սպասում է, թե երբ սաուդական կողմը լույս կսփռի այս հանցագործության վրա, չնայած «Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ Ալ Մուաջիբը, որը ժամանել էր Ստամբուլ, խոչընդոտում է հետաքննությանը»։

Էրդողանը նշել է, որ հանցագործության հետ առնչություն ունեն նաև Սաուդյան Արաբիայի այն 18 բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք լրագրողի սպանության օրը ժամանել էին Ստամբուլ։

«Այդ 18 մարդկանց թվում, անշուշտ, կան հանցագործներ։ Էլ ո՞վ։ Այն մարդը, որը հրաման է տվել։ Բացի հանցագործությունը կատարողներից, պետք է բացահայտվի նաև հրաման տվողը», - ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ իրենք հետևելու են գործի ընթացքին, քանի որ դեռ հարցեր կան Խաշոգջիի դիակի գտնվելու վայրի մասին։

Նա հավելել է, որ իր մոտ տպավորություն կա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես խիստ անհանգստացած է այս սպանությամբ։

«Կոնգրեսը Կենտրոնական հետախուզական վարչությունից զեկույց է պահանջել այս հարցով։ Կարծում եմ՝ դրանից հետո կփոխվեն այս գործի հեռանկարները», - ասել է Էրդողանը՝ նշելով, որ նա լրագրողի սպանության գործը քննարկել է նաև ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.