Իսրայելը հրաժարվում է Գազայի հատվածում կրակի դադարեցման հարցի շուրջ բանակցություններից

Իսրայելը որոշել է դադարեցնել Գազայի հատվածում կրակի դադարեցման վերաբերյալ բոլոր բանակցությունները ՄԱԿ-ի՝ մերձավորարևելյան հարցերով հատուկ բանագնաց Նիկոլայ Մլադենովի և Եգիպտոսի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է իսրայելական KAN պետական ռադիոալիքը՝ նշելով, որ որոշման պատճառը պաղեստինյան անկլավից հրեական պետության տարածքի ուղղությամբ տեղի ունեցող ռմբակոծություններն ու հրթիռակոծություններն են։

Ռադիոկայանը հայտնում է, որ Իսրայելի ներկայացուցիչները երկուշաբթի երեկոյից սկսած հրաժարվում են Գազայի հատվածում կրակի դադարեցման վերաբերյալ որևէ բանակցությունից։

Նոյեմբերի 12-ից պաղեստինյան զինված խմբավորումները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի տարածքը՝ ի պատասխան պաղեստինյան անկլավում հրեական պետության հատուկ ջոկատի իրականացրած ռազմական գործողությունների։ Պաղեստինցի ծայրահեղականները շուրջ 400 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 150-ը խոցվել է «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից։

Երկուշաբթի Մլադենովն իր թվիթերյան էջում գրել էր, որ ակտիվորեն համագործակցում են Եգիպտոսի հետ Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ հաստատելու շուրջ։ Նա վերջին լարվածություններն անվանել էր «չափազանց վտանգավոր և անխոհեմ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.