«Գազպրոմ»-ը պատասխանել է «Հյուսիսային հոսք 2» ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը վստահություն է հայտնել, որ «Հյուսիսային հոսք 2» ծրագիրը կիրագործվի՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Ավելի վաղ Եվրոպական Միությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ունի բազմաթիվ միջոցներ, որոնցով կարող է կանգնեցնել գազատարի կառուցումը, որն, ըստ իրենց, Եվրոպան դարձնում է խոցելի։
«Դուք ինքներդ ամեն ինչ տեսնում եք։ Մենք արդեն կառուցել ենք 200 կիլոմետր, և մնացածը նույնպես կկառուցենք», - ասել է Միլլերը։
«Հյուսիսային հոսք 2» ծրագիրը նախատեսում է գազատարի կառուցում, որը կարող է Բալթիկ ծովի ռուսական ափերից տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ հասցնել մինչև Գերմանիա։ Գազատարի երկարությունը կազմելու է 1200 կիլոմետր։ Այս ծրագրին դեմ են մի քանի պետություններ, մասնավորապես՝ Ուկրաինան, որը վախենում է կորցնել ռուսական գազի տրանզիտից ստացվող եկամուտները, և ԱՄՆ-ը, որն էլ իր հերթին ցանկանում է Եվրոպա մատակարարել իր բնական գազը։