ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել Դեր Զորի բնակավայրերին

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան կասետային ռումբերով հարվածներ է հացրել սիրիական Դեր Զոր նահանգին։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով SANA գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժել են Հաջին և Շաաֆ բնակավայրերի բնակիչները։ Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին, սակայն նրանց կոնկրետ թիվը չի նշվում։

SANA-ի աղբյուրները վստահ են, որ ամերիկյան կոալիցիան դիտմամբ է ռմբակոծել բնակելի շենքերը՝ հարվածները քողարկելով Իսլամական պետության դեմ պայքարի ներքո։

Ավելի վաղ SANA գործակալությունը հայտնել էր, որ կոալիցիայի հարվածների հետևանքով Շաաֆ բնակավայրում զոհվել և վիրավորվել է 60 մարդ։

Հոկտեմբերի 16-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Սավչենկոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Պենտագոնի աջակցությունը վայելով քրդական զորամիավորումներն իրականում ձևացնում են, թե պայքարում են ԻՊ-ի դեմ։ Նրա խոսքով՝ ամերիկամետ ուժերի անգործության հետևանքով ահաբեկիչներն այժմ վերահսկողություն են հաստատել Եփրատ գետի արևելյան ափի երկայնքով շուրջ 20 կիլոմետր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.