Պենտագոնը Կոնգրեսի և Թուրքիայի հետ քննարկում է ռուսական Ս-400 համակարգի այլընտրանքային տարբերակները

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսի հետ քննարկում է, թե ինչ կարելի է Թուրքիային առաջարկել ռուսական Ս-400 համակարգի փոխարեն։ Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Փահոնը։

Ավելի վաղ CNBC հեռուստաալիքը, հղում կատարելով ամերիկյան հետախուզական ծառայություններին, հայտնել էր, որ 13 երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Մարոկկոն, Եգիպտոսը, Վիետնամը և Իրաքը, ցանկանում են ձեռք բերել ռուսական Ս-400 համակարգը՝ չնայած ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին։ Ռուսական զենքի փոխարեն ամերիկացիներն առաջարկում են սեփական արտադրության զինամթերք։

«Ներկայում մենք դիվանագիտական երկխոսություններ ենք վարում այս հարցով։ Նոյեմբերի 9-ին մենք Կոնգրես ենք ուղարկել Թուրքիայի հետ փոխհարաբերությունների մասին զեկույց։ Այժմ Անկարայի հետ բանակցություններ ենք անցկացնում՝ փորձելով փնտրել Ս-400-ի այլընտրանքային տարբերակ։ Մենք շարունակելու ենք աշխատել Թուրքիայի հետ», - ասել է Փահոնը։

Նրա խոսքով՝ իրենք թուրք գործընկերներին զգուշացրել են այդ գործարքի լուրջ հետևանքների մասին։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Ս-400-ի ձեռքբերման վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի՝ Անկարան պետք է գնի զենիթահրթիռային այս համակարգի երկու մարտկոց։

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս քննադատել են Թուրքիային այս համաձայնագրի համար։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի խոսքով՝ Ս-400-ի ձեռքբերումը կարող է բացասականորեն ազդել ամերիկյան Ֆ-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարման վրա։

Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, որ միջոցներ կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները փորձի կենսագործել հնչեցրած սպառնալիքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.