Եվրոպան կոչ է անում պահպանել ՄՑՀՀՊ-ի դրույթները
Եվրոպական Միությունը հույս ունի, որ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը կպահպանվի։ Այս մասին ԵՄ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
«Ես ակնկալում եմ, որ մենք կքննարկենք մի շարք խնդիրներ, որոնց բախվում ենք։ Ես օրեր առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել եմ ՄՑՀՀ պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ես չափազանց անհանգստացած եմ, քանի որ բոլորս համոզված ենք, որ այդ համաձայնագիրը կարևոր է և պետք է ամբողջությամբ կատարվի», - ասել է Մոգերինին։
Նրա խոսքով՝ ճիշտ կլինի պնդել համաձայնագրի լիարժեք կատարումը, ոչ թե դրանից դուրս գալը։ Մոգերինին ընդգծել է, որ ՄՑՀՀՊ-ի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնում է եվրոպական անվտանգությանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է դուրս գալ Միջին և ցածր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրից, քանի որ Ռուսաստանն, իր կարծիքով, խախտում է համաձայնագրի դրույթները։
Միացյալ Նահանգները Ռուսաստանին ՄՑՀՀՊ-ի դրույթերը խախտելու մեջ առաջին անգամ մեղադրել է 2014 թ․ ամռանը։ Դրանից հետո ևս մի քանի անգամ Վաշինգտոնը կրկնել է նույն մեղադրանքը, որը Մոսկվան կտրականապես հերքել է։
Միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1987 թ․ դեկտեմբերի 8-ին։ Այն ուժի մեջ է մտել 1988 թ․ հունիսի 1-ին։ Պայմանագիրը կողմերին թույլ չի տալիս ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ և 500-5500 կմ շառավղով գործելու հնարավորություն ունեցող թևավոր հրթիռներ։
Աղբյուր՝ https://ria.ru/world/20181120/1533138829.html?referrer_block=index_main_1