Թրամփի հայտարարությունների պատճառով Պակիստանում ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ․ Reuters

Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Կուրեշին իր մոտ է հրավիրել Իսլամաբադում ԱՄՆ գործերի հավատարմատարին, որպեսզի իր դժգոհությունը հայտնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պակիստանին ուղղված կտրուկ հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

«Արտաքին գործերի նախարարն իր մոտ է հրավիրել ԱՄՆ գործերի հավատարմատար Փոլ Ջոնսին, որպեսզի իր վճռական բողոքն արտահայտի Պակիստանի հասցեագրված անհիմն և մերկապարանոց հայտարարությունների վերաբերյալ», - ասվում է Պակիստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսլամաբադը ոչինչ չի անում ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնին օգնելու համար։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը նշել է, որ Պակիստանն իր տարածքում թաքցրել է ահաբեկիչների, մասնավորապես՝ «Ալ Կաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենին։ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ Պակիստանն այն երկիրն է, որը ԱՄՆ-ից վերցրել է շատ բան, բայց փոխարենը ոչինչ չի տվել։

Ի պատասխան՝ Պակիստանի վարչապետ Իմրան Խանն իր թվիթերյան էջում հերքել էր Թրամփի պնդումները։ Նրա խոսքով՝ Պակիստանը 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո միացել էր ամերիկյան բանակին և վերջինիս հետ պայքարում էր միջազգային ահաբեկչության դեմ։ Նրա խոսքով՝ այդ կռվում իրենք կորցրել են շուրջ 75 հազար մարդ։

Վաշինգտոնի և Իսլամաբադի միջև հարաբերությունները սրվել են 2017 թ․ օգոստոսից, երբ Միացյալ Նահանգները հրապարակեց Հարավային Ասիայում և Աֆղանստանում իր նոր ռազմավարությունը։ Այդ ժամանակ Պակիստանը մեղադրվեց ծայրահեղական կազմակերպություններին օգնելու մեջ, որոնք Աֆղանստանում գործում էին ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակիցների դեմ։ 2018 թ․ հունվարին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ դադարեցվում է Պակիստանին հատկացվող ռազմական օգնությունը այնքան ժամանակ, քանի դեռ Իսլամաբադը միջոցներ չի ձեռնարկել ծայրահեղական խմբավորումների դեմ վճռական պայքար սկսելու ուղղությամբ։ Սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնը վերջնականապես կասեցրեց 300 միլիոն դոլարի օգնության տրամադրումը Իսլամաբադին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.