ԱՄՆ-ը և Չինաստանը քննարկում են Արգենտինայում երկու երկրների առաջնորդների հանդիպման մանրամասները

Պեկինը և Վաշինգտոնը պատրաստվում են կազմակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպում, որը կարող է տեղի ունենալ Բուենոս Այրեսում դեկտեմբերի 1-ին՝ Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի ավարտին մատուցվող աշխատանքային ընթրիքի շրջանակում։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով South China Morning Post թերթին։

Լրատվականի աղբյուրը հայտնել է, որ հիմնական առաջադրանքն է բանակցությունների մասնակցիների ցանկի հստակեցումը։ Նրա խոսքով՝ քննարկվում է «մեկ գումարած երկու», «մեկ գումարած չորս» և «մեկ գումարած վեց» ձևաչափերը։ Հատկանշական է, որ վերջին տարբերակն ամենահավանականն է։

Թերթը գրում է, որ Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի՝ առևտրային տարաձայնություններին վերաբերող բանակցությունների ելքը հիմնականում կախված է հանդիպման մասնակիցներից և ստեղծվելիք միջավայրից։ Արդեն հայտնի է դարձել, որ հանդիպմանը ներկա չի լինելու Սպիտակ տան՝ առևտրային հարցերով ազգային խորհրդի ղեկավար Պիտեր Նավարոն, որը հայտնի է Չինաստանի նկատմամբ իր քննադատական մոտեցումներով։

Ամերիկյան պատվիրակության կազմում կարող են լինել Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Լոուրենս Քիդլոուն, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը և Պեկինում ԱՄՆ դեսպան Թերրի Բրենսթեդը։

«Շատ բարդ է կանխագուշակել Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպման արդյունքը։ Ամենամեծ հույսն այն է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը կկարողանան որոշակի հրադադար հաստատել առևտրային պատերազմում», - նշել է միջազգային հարաբերությունների գծով չինացի մասնագետ Շի Ինհունը։

Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ ավելացված մաքսատուրքերն ուժի մեջ են մտել  հուլիսի 6-ից։

Այս տարվա ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հրապարակել է չինական 1300 անուն ապրանքներից բաղկացած ցուցակ, որոնց ներկրման վրա կարող են սահմանվել լրացուցիչ մաքսատուրքեր։

Ի պատասխան՝ Պեկինը որոշեց 25%-ով բարձրացնել ամերիկյան 106 անուն ապրանքների ներկրման մաքսատուրքերը։

Արդեն մայիսին կողմերը համաձայնեցին, որ առևտրային պատերազմ չի լինելու, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ առևտրային հարցերում համաձայնության հասնել չի հաջողվել, և Վաշինգտոնը հայտարարեց լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։

Հունիսի կեսին Միացյալ Նահանգները 25%-անոց մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների ներկրման վրա, ինչն ազդեց ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների 10%-ի վրա։

Չինաստանն անմիջապես հայտարարեց, որ 25% մաքսատուրք է սահմանվում ամերիկյան 659 անուն ապրանքների ներկրման վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.