Միլոշ Զեմանը ցանկանում է Իսրայելում Չեխիայի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել Իսրայելում իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցում։ Այս մասին Զեմանը հայտարարել է Barrandov հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Ես, ինչպես նախկինում, գործադրելու եմ բոլոր ջանքերը Իսրայելում մեր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար։ Այս ուղղությամբ երկու քայլ արդեն արվել է։ Այս տարվա մայիսին Երուսաղեմում բացվել է Չեխիայի հյուպատոսարանը։ Այժմ Իսրայել կատարելիք իմ այցի շրջանակում ես կմասնակցեմ Երուսաղեմում «Չեխական տուն» մշակութային կենտրոնի բացմանը», - ասել է Զեմանը։

Չեխիայի նախագահն առաջիկա կիրակի աշխատանքային այցով մեկնելու է Իսրայել, որտեղ հանդիպում է ունենալու երկրի բարձրագույն ղեկավարության հետ և ելույթ է ունենալու Քնեսեթում։ Միլոշ Զեմանը Չեխիայի առաջին ղեկավարն է, որը ելույթ կունենա Իսրայելի պատգամավորների առջև։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին  Դոնալդ Թրամփն Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ։ Հատկանշական է, որ Զեմանը միջազգային առաջնորդներից առաջինն էր, որ հինգ տարի առաջ հանդես եկավ նման նախաձեռնությամբ, սակայն չեխական կառավարությունը ձեռնպահ մնաց այդ որոշումից՝ հավատարիմ մնալով Եվրամիության դիրքորոշմանը, ըստ որի՝ Երուսաղեմի նկատմամբ իրավունքներ ունեն նաև պաղեստինցիները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.