Լուկաշենկո․ Ռուսաստանի «վստահելի» ընկերը

Դոնբասում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է խաղաղարարի դերը։ Նա Մինսկը վերածել է Կիևի և չճանաչված հանրապետությունների միջև բանակցությունների հարթակի և բազմիցս առաջարկել է տարածաշրջան ուղարկել բելառուսցի խաղաղապահների։ Առաջին հայացքից, Լուկաշենկոն չեզոքություն է պահպանում և ցանկանում է կարգավորել հակամարտությունը, սակայն դա միայն առաջին հայացքից։ Հայտնի է, որ 2014 թ․ սկսած Բելառուսը ուկրաինական բանակին տրամադրում է զինամթերք, տեխնիկա, վառելիք և միևնույն ժամանակ աջակցում է ուկրաինական մաքսանենգությանը՝ շրջանցելով պատժամիջոցները։

2014 թ․ ապրիլին Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, խոսելով Լուկաշենկոյի մասին, վերջինիս անվանել էր «շատ ազնիվ և պարկեշտ մարդ»՝ նշելով, որ Բելառուսի նախագահն ավելի ազգայնական է, քան ինքը։ Այս հայտարարությունից օրեր առաջ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը հրաման էր տվել Դոնբասում հակաահաբեկչական գործողություն սկսելու։

Պետք է նշել, որ Լուկաշենկոն բավական հանգիստ ընդունեց Կիևում փետրվարյան հեղաշրջումը։ Արդեն 2014 թ․ մարտի վերջին՝ Յանուկովիչի իշխանությունից հեռանալուց մեկ ամիս անց և Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց մեկ շաբաթ հետո, Լուկաշենկոն հանդիպում է ունեցել Տուրչինովի հետ՝ այդպիսով դեֆակտո ընդունելով նրա կարգավիճակը (Ռուսատանն այդպես էլ չընդունեց Տուրչինովի կառավարության օրինականությունը)։ Բելառուսի նախագահը շտապեց ուրախանալ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ մի շարք հարցերում ըմբռնում ունենալու համար։

Օրինակ՝ տարածաքային ամբողջականության հարցում։ 2014 թ․ մարտին Լուկաշենկոն չընդունեց Ղրիմի միացումը Ռուսաստանին, իսկ ապրիլին կտրուկ դեմ հանդես եկավ Ուկրաինայի ապակենտրոնացմանը։

Ուկրաինայի իշխանությունների հետ մերձեցումը դեմ գնաց Ռուսաստանի հետ Բելառուսի բարեկամական հարաբերություններին։ Դա, սակայն, Լուկաշենկոյին չէր անհանգստացնում․ նա իր ընտրությունն արել էր։ Բելառուսի և Ուկրաինայի միջև հաստատվել էր ռազմատեխնիկական համագործակցություն։ Դոնբասում ռազմական գործողությունների սկսվելուց Մինսկը ավելացնում էր իր ռազմական ներկայությունը։ Համագործակցություն էր հաստատվել նաև բանակային տեխնիկայի արտադրության գործում։ Այսպես՝ բանակային բեռնատարները հավաքվում էին Ուկրաինայում, սակայն դրանց փոխանցման տուփերը և շարժիչները բելառուսական էին։

Բացի զենքերից և զինտեխնիկայից՝ Մինսկն ուկրաինական բանակին տրամադրում էր նաև կենսական նշանակություն ունեցող պարագաներ, օրինակ՝ տանկերի մարտկոցներ և օպտիկական սարքավորումներ, որոնք Բելառուսն արտադրում էր դեռ խորհրդային տարիներից։

Որպեսզի ուկրաինական զինտեխնիկան օգտագործվեր, այն պետք էր ոչ միայն վերանորոգել, այլ նաև լիցքավորել։ Այսպես՝ ուկրաինական տանկերի և ինքնաթիռների վառելիքի հիմնական մատակարարը Բելառուսն է։ Այս երկիրը երկար տարիներ ռուսական նավթը ձեռք է բերել ներքին գներով, այնուհետև վերամշակել է և ստացված վառելիքը վաճառել երրորդ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։ Հատկանշական է, որ 2014 թ․ Բելառուսից Ուկրաինա ներկրվող ապրանքների 82%-ը կազմել է նավթամթերքը։ Մինսկը գիտակցաբար ուկրաինական բանակը սնում է վառելիքով։

Բելառուսական  Belarus Security վերլուծական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ 2014 թ․ ամռանը՝ ամենաթեժ մարտերի ժամանակ, Մինսկը Ուկրաինային վառելիք է մատակարարել ոչ թե հավելավճարով, այլ՝ պարտքով։

Ուկրաինական կոնֆլիկտից Բելառուսն օգտվել է ոչ միայն վառելիք մատակարարելով, այլ նաև՝ տրանզիտի հաշվին։ Ուկրաինայի վիճակագրական վարչության տվյալների համաձայն՝ 2013 թ․ համեմատ 2017 թ․ ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Բելառուս աճել է չորս անգամ։ Կարելի է ենթադրել, որ Մինսկն այդպիսով օգնում էր Կիևին իրացման նոր շուկաներ գտնել գյուղատնտեսական ապրանքների ներկրման վրա Ռուսաստանի սահմանափակումներից հետո։ Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների այսքան մեծ քանակությունը Բելառուս միայն ներքին սպառման համար չէր։ Դրանք այս երկրի միջոցով վերաարտահանվում էին Ռուսաստան։ Քանի որ Ռուսաստանը և Բելառուսը գտնվում են միևնույն տնտեսական միության կազմում, ռուսական համապատասխան գերատեսչությունների համար բավական դժվար է կանխել այդ գործընթացը։

«Մենք պատրաստ ենք միջամտել այս հակամարտությանն այնտեղ, որտեղ չկա ահնրաժեշտ չափով վստահություն։ Մենք պատրաստ ենք դա անել հանուն խաղաղության։ Այս հարցը պետք է լուծենք մենք՝ սլավոնական երեք պետությունները։ Սա մեր խնդիրն է։ Ոչ եվրոպացիները, ոչ ամերիկացիները, այլ հենց մենք», - այս տարվա հոկտեմբերին իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։ Նրա առաջարկը պարզ էր՝ Դոնբաս ուղարկել բելառուսցի խաղաղապահներ։

Սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսն առաջարկում է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինայի արևելքում խնդիրը լուծելու համար։ Այս առաջարկները, սակայն, որևէ հետևանք չեն ունենում, քանի որ Ուկրաինայում բելառուս խաղաղապահներին համարում են «Պուտինի տրոյական ձիեր»։

Այս տարվա փետրվարին Լուկաշենկոն առաջարկել էր Դոնբաս ուղարկել 10 հազար բելառուս խաղաղապահ։ Իհարկե լուրջ թիվ է, միևնույն ժամանակ՝ զարմանալի, քանի որ Բելառուսի խաղաղապահ առաքելություն իրականացնելու փորձը, մեղմ ասած, հարուստ չէ։ Վերջինը տեղի է ունեցել Լիբանանում, և դրա կազմում եղել է ընդամենը 5 զինվոր։ Հաշվի առնելով այս համեստ հնարավորությունները՝ դժվար թե Բելառուսը կարողանար այդքան մեծ ներկայություն ապահովել Դոնբասում։

Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու Բելառուսի ցանկությունը կասկածներ է առաջացնում։ 2014 թվականից ի վեր պատերազմի ընթացքում Բելառուսը կարողացել է միլիարդավոր դոլարներ աշխատել այստեղ՝ ուկրաինական բանակին զենք, տեխնիկա և վառելիք ուղարկելով։

Աղբյուր՝  https://lenta.ru/articles/2018/11/22/lukabestfriend/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.