Ցանցահենները կապ են գտել Ալեքսեյ Նավալնիի գործընկերոջ և բրիտանական հետախուզության միջև

Anonymous կոչվող հաքերային խումբը հայտարարել է փաստաթղթերի բացահայտման մասին, որոնք լույս են սփռում Integrity Initiative անունը կրող ծրագրի գործունեության վրա, որը, ենթադրաբար, Լոնդոնն օգտագործել է եվրոպական երկրների ներքին գործերին միջամտելու համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստի-ն՝ հղում կատարելով խմբավորման կայքին։

Anonymous-ը այս ծրագիրն անվանում է «հատուկ ծառայություն»։ Integrity Initiative-ի ծախսերը ընթացիկ ֆինանսական տարում, որն ավարտվում է 2019 թ․ մարտի 31-ին, գնահատվում են 1,96 միլիոն ֆունտ ստերլինգ (2,51 միլիոն դոլար)։

«Բարեգործական նպատակների քողի տակ Բրիտանիան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում ստեղծել է մեծ գաղտնի ծառայություն՝ բաղկացած քաղաքական, ռազմական, ակադեմիական և լրագրողական շրջանակներից։ Ծրագրի հայտարարված նպատակը Ռուսաստանին տեղեկատվական հարթակում հակազդելն է։ Integrity Initiative-ը դրամաշնորհներ է ստացել ԱՄՆ պետքարտուղարությունից և ՆԱՏՕ-ից», - գրում է Anonymous-ի կայքը։

Նշվում է, որ ծրագրով գործողություններ են իրականացվում Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Լիտվայում, Նորվեգիայում, Սերբիայում և Չեռնոգորիայում։

Anonymous-ի տվյալներով՝ այդ ծրագրի համար աշխատողների թվում են ֆինանսիստ Վիլիամ Բրաուդերը և Վլադիմիր Աշուրկովը, որն Ալեքսեյ Նավալնիի գործընկերն է։ Բացի այդ՝ ցուցակում հիշատակվում են բրիտանական բանակի կիբերստորաբաժանումը՝ 77-րդ բրիգադը։ Ավելի վաղ Wired թերթը գրում էր, որ Բրիտանիայի Զինված ուժերի 77-րդ բրիգադը զբաղվում է ապատեղեկատվության տարածմամբ և գործողություններ է իրականացնում ոչ զինվորականների անունից։

Ստացված փաստաթղթերն առաջինն իր Telegram-ի ալիքում հրապարակել էր Russia Today լրատվականը։ Երբ RT-ն այս տեղեկությունը հրապարակեց նաև Twitter-ում, միգրոբլոգը սպառնաց արգելափակել էջը, եթե այդ թվիթը չհեռացվի։

Նավալնիի գործընկերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի նախկին ղեկավար Վլադիմիր Աշուրկովը, 2015 թ․ հայտարարել էր, որ քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում։ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունն այն ժամանակ հրաժարվել էր հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը։ Աշուրկովը անցնում է նաև Նավալնիի գործունեության հետ կապված քրեական գործով։

Վիլիամ Բրաուդերը միջազգային ֆինանսիստ և ներդրող է, աուդիտոր Սերգեյ Մագնիտսկիի նախկին գործատուն։ Նա 1995-2007 թ․թ․ եղել է Ռուսաստանի խոշորագույն ներդրողը։ Այժմ ապրում է Լոնդոնում։ Ռուսաստանի իրավապահները նրա նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Integrity Initiative-ի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը, նշել է, որ այն միշտ էլ բաց և հասանելի է եղել բոլորի համար։

ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ ստացված տեղեկությունները պետք է մանրակրկիտ քննության ենթարկվեն։ Մեկ այլ պատգամավոր Օլեգ Մորոզովի խոսքով՝ այդ փաստաթղթերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ռուսաստանի ընդդիմադիր ուժերը կապ ունեն արտասահմանյան տարբեր կենտրոնների հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.