ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Կերչի նեղուցում կալանել է երեք ուկրաինական ռազմանավ
Նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում բախում է տեղի ունեցել ռուսական և ուկրաինական ռազմանավերի միջև։ Այս մասին տեղեկացնում է Kommersant-ը։
Նշվում է, որ Ռուսաստանը փակել է նեղուցը և կալանել երեք ուկրաինական ռազմանավեր՝ «Бердянск»-ը, «Никополь»-և և «Яны Капу»-ն։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնում են, որ ռուս սահմանապահները կրակ են բացել ուկրաինական նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է 3 զինծառայող։ Ուկրաինական կողմը հայտնում է 6 վիրավորի մասին։
Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմաններն ապօրինաբար խախտելու հատկանիշներով։
Ավելի ուշ տեղեկություններ էր տարածվել, որ ուկրաինական կողմը գնդակոծում է Դոնեցկի ինքնավար հանրապետության տարածքը։
Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է երկրում ռազմական դրություն մտցնել 60 օրով։ Ուկրաինայի ԱԱԽ քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ազովի ծովում տեղի ունեցածը համարվում է «ռազմական ագրեսիայի դրսևորում»։
«Ռազմական դրություն մտցնելը ոչ մի կերպ չի նշանակում, որ Ուկրաինան որևէ հարձակողական գործողություն է անելու։ Ուկրաինան զբաղվելու է բացառապես իր սահմանների և իր քաղաքացիների պաշտպանությամբ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։
Kommersant-ը գրում է, որ Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ մարդիկ են հավաքվել և ծխաբեր նռնակներ են նետում շենքի ուղղությամբ։
Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։ Մոսկվան նույնպես արտակարգ նիստ է հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Այն նշանակված է այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
ՆԱՏՕ-ում անդրադարձել են Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպին և կողմերին կոչ են արել չսրել իրավիճակը։ Դաշինքում հայտարարել են, որ ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը և կապի մեջ են ուկրաինական կողմի հետ։
Եվրոպական Միությունում նույնպես կողմերին զսպվածության կոչ են արել։ Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ Մոսկվան Կերչի նեղուցում կվերականգնի անցուդարձի ազատությունը։
Ուկրաինական բանակը բերվել է մարտական ամբողջական պատրաստվածության։