Ամերիկյան ռազմական ինքնաթիռը շարժվում է դեպի Սև ծովի օդային տարածք

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի Boeing RC-135V ինքնաթիռը թռիչք է սկսել Հունաստանի Կրետե կղզու ավիաբազայից և ուղղություն վերցրել Սև ծովի օդային տարածք՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի ֆոնին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ուկրաինական աղբյուրին։

«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի Boeing RC-135V հետախույզ-ինքնաթիռը Կիևի ժամանակով 07։50-ի սահմաններում թռիչք է սկսել Կրետե կղզու ավիաբազայից և շարժվել դեպի Սև ծովի օդային տարածք», - ասվում է Украинский милитарный портал-ում տեղ գտած հայտարարության մեջ։

Նշվում է, որ արդեն 08։30-ի սահմաններում ինքնաթիռը գտնվում էր Բուլղարիայի օդային տարածքում՝ ուղղություն վերցնելով դեպի Ղրիմի ափեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել էին, որ ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է երկրում ռազմական դրություն մտցնել 60 օրով։ Ուկրաինայի ԱԱԽ քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ազովի ծովում տեղի ունեցածը համարվում է «ռազմական ագրեսիայի դրսևորում»։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքով՝ ռազմական դրություն մտցնելը չի նշանակում, որ իրենք պատրաստվում են որևէ հարձակողական գործողության։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.