Թրամփը կարող է չեղարկել Պուտինի հետ G20-ի շրջանակներում կայանալիք հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Արգենտինայում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպումը կարող է չեղարկվել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Այս մասին Թրամփը խոսել է The Washington Post-ին տված հարցազրույցի ընթացքում՝ նշելով, որ այդ հարցով մանրակրկիտ զեկույցի է սպասում ազգային անվտանգության խորհրդի իր թիմից։
«Այդ զեկույցը կարևոր նշանակություն պետք է ունենա։ Հնարավոր է՝ ես չհանդիպեմ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան։ Չեմ ցանկանում, որ շարունակվեն ագրեսիաները», - ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ զեկույցն ինքը կստանա առաջիկա օրերին և ակնկալում է, որ կլսի բավական համոզիչ պնդումներ տեղի ունեցածի վերաբերյալ։
«Ինձ ընդհանրապես դուր չի գալիս այս ագրեսիան։ Ի դեպ, Եվրոպային նույնպես պետք է դուր չգա սա։ Գերմանիային նույնպես պետք է դուր չգա», - ասել է ԱՄՆ նախագահը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Բեռլինը պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թրամփի և Պուտինի միջև Արգենտինայում կայանալիք հանդիպումը լինելու է Հելսինկիի հանդիպման շարունակությունը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կարևորության մի շարք հարցեր, որոնց թվում՝ սպառազինությունների վերահսկողության հարցը։