Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Կերչի նեղուցի մոտակայքում
Նոյեմբերի 27-ին ամերիկյան ռազմաօդային ուժերի Boeing P-8A Poseidon հետախույզ-ինքնաթիռը թռիչք է իրականացրել Կերչի թերակղզու և Ղրիմի օդային տարածքների մոտ։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով PlaneRadar-ին։
Օդանավը մտնում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 26-րդ պարեկային հրամանատարության կազմ։ Այն 31 կիլոմետր մոտեցել է թերակղզու առափնյա շրջաններին։
Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնում էր, որ Դոնբասի օդային տարածքի շրջակայքում հետախուզական թռիչք է իրականացրել նաև ամերիկյան RQ-4A Global Hawk ինքնաթիռը։
Ria Novosti-ն նշում է, որ վերջին շրջանում բավական ակտիվացել են ամերիկյան ինքնաթիռների հետախուզական թռիչքները Ռուսաստանի սահմանների մոտ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս Վաշինգտոնին կոչ է արել վերջ տալ այդ թռիչքներին, սակայն Պենտագոնը բացասական պաըտասխան է տվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։
Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է երկրում ռազմական դրություն մտցնել 60 օրով։ Ուկրաինայի ԱԱԽ քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ազովի ծովում տեղի ունեցածը համարվում է «ռազմական ագրեսիայի դրսևորում»։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքով՝ ռազմական դրություն մտցնելը չի նշանակում, որ իրենք պատրաստվում են որևէ հարձակողական գործողության։