Պորոշենկոն պնդում է, որ Միացյալ Նահանգները ռազմական օգնություն է խոստացել Կիևին
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինս իրեն խոստացել է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության գործում։
«Մայք Պոմպեոյի հետ ունեցած հեռախոսազորւյցի ժամանակ նա ինձ խոստացավ, որ Միացյալ Նահանգները մեծ ռազմական օգնություն կտրամադրի մեզ Ուկրաինայի ինքնիշխանությունը պահպանելու համար», - CNN-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Պորոշենկոն։
Նոյեմբերի 26-ին պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեդեր Նաուերթը հայտարարել էր, որ Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Պետրո Պոշորենկոյի հետ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի գրավոր հաղորդագրության մեջ, սակայն, նշված է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պոմպեոն խոսել է միայն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման մասին, իսկ ռազմական օգնության վերաբերյալ որևէ խոստում չի եղել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։
Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է երկրում ռազմական դրություն մտցնել 60 օրով։ Ուկրաինայի ԱԱԽ քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ազովի ծովում տեղի ունեցածը համարվում է «ռազմական ագրեսիայի դրսևորում»։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքով՝ ռազմական դրություն մտցնելը չի նշանակում, որ իրենք պատրաստվում են որևէ հարձակողական գործողության։