Էրդողանն առաջարկում է որպես միջնորդ հանդես գալ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը հարթելու գործում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է որպես միջնորդ հանդես գալ Կերչի նեղուցում ուկրաինական նավերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հարթելու գործում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։
«Մենք երկու կողմերի հետ էլ քննարկել ենք, թե ինչ դեր կարող ենք կատարել որպես միջնորդ և ինչ կարող ենք անել այդ հարցը լուծելու համար», - ասել է Էրդողանը։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը տեղեկացրել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։ Նշվում է, որ Էրդողանը լսել է երկու կողմերի դիրքորոշումը և ընդգծել հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորել է նաև Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Սևծովյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմանավեր մտել էին Կերչի նեղուց, որտեղ ռուս սահմանապահները կալանել էին դրանք և կրակ բացել նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր ուկրաինացի 3 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի պետական սահմանները խախտելու հատկանիշներով։
Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է երկրում ռազմական դրություն մտցնել 60 օրով։ Ուկրաինայի ԱԱԽ քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ազովի ծովում տեղի ունեցածը համարվում է «ռազմական ագրեսիայի դրսևորում»։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքով՝ ռազմական դրություն մտցնելը չի նշանակում, որ իրենք պատրաստվում են որևէ հարձակողական գործողության։