Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է Վրաստանի նախագահական ընտրություններում

Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։ Այս մասին հայտնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նշվում է, որ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,52%-ը։ Ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ստացել է 40,48% ձայն։

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել նախօրեին։ Զուրաբիշվիլիի օգտին քվեարկել է ավելի քան 1,1 միլիոն ընտրող, իսկ Վաշաձեի օգտին՝ 780 հազար։

Նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 56,23%-ը։ Նախագահի լիազորությունների ժամկետը 6 տարի է։ Այս ընտրությունները նախագահի ուղիղ ընտրելու վերջին հնարավորությունն էին։ Հաջորդ անգամ երկրի ղեկավարն ընտրվելու է 300 պատվիրակների կողմից։

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թ․ մարտի 18-ին Փարիզում վրացի քաղաքական փախստականների ընտանիքում։ Ավելի քան 30 տարի աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության համակարգում։ 2004-2005 թ․թ․ զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

2005 թ․ նոյեմբերին Զուրաբիշվիլին ստեղծել է «Վրաստանի ուղին» կուսակցությունը, որն ակտիվորեն մասնակցել է 2007 և 2009 թվականների բողոքի ակցիաներին։ Հինգ տարի անց Զուրաբիշվիլին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։

2013 թ․ նա փորձել է մասնակցել Վրաստանի նախագահական ընտրություններին, սակայն նրա թեկնածությունը մերժվել է երկքաղաքացիություն ունենալու (Վրաստան և Ֆրանսիա) պատճառով։ Այս տարվա օգոստոսին Զուրաբիշվիլին հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից, որպեսզի կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին։

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևի խոսքով՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է ընտրություններում ոչ այնքան իր հեղինակության համար, այլ քաղաքացիների այն մտավախության, որ Միխաիլ Սաակաշվիլին կարող է վերադառնալ քաղաքականություն։ Նշենք, որ հենց նա էր կանգնած ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետևում։

«Ընտրությունների առաջին փուլի արդյունքները փաստում են, որ Սաակաշվիլին ունի ոչ մեծ, բայց բավական ակտիվ կողմնակիցների թիմ», - կարծում է մասնագետը։

Միխաիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը իշխել է Վրաստանում 2012 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ 9 տարի։ Այս ընտրություններին հաղթել է մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այս ուժը մինչև այսօր իշխանության ղեկին է։

2013 թվականից հետո, երբ Սաակաշվիլին հեռացավ Վրաստանից, նրա կուսակցության շարքերը լքեցին տասնյակ մարդիկ։

Հատկանշական է, որ Վաշաձեն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթանակ տանելու պարագայում կվերացվեն Սաակաշվիլիի և նախկին մի շարք պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.